Չէ, ինչ որ բան փոխվում է մեզ մոտ հաստատ: Այ օրինակ այն, որ վարորդներին պարտադրեցին անել այն, ինչը քաղաքակիրթ երկրներում արվում է արդեն տասնամյակներ: Խոսքը ամրագոտիների մասին է, ինչպես և կռահեցիք: Հետաքրքիր կլիներ սակայն իմանալ, թե այդ ինչպես մի օր մեր պաշտոնյաները արթնացան և որոշեցին դա անել: Իսկ առավել հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է կոնկրետ հանգել այս մտքին և իրոք գովաբանել: Դե, ի վերջո մենք էլ չէ պետք է ցիվիլ ազգ լինենք. այսինքն մենք այսպես թե այնպես ցիվիլ ենք, ուղղակի դա մեզ մոտ ազգային երանգներ ունի, որոնք դրսևորվել և զարգացել են հազարամյակների ընթացքում: Այն, որ հայերը կարգա-պահությունից թույլ են վկայում են անգամ մեր ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները, բայց դե ոչինչ էլի, հարավցի ենք, իսկ բոլոր հարավցիներին դա բնորոշ է: Ախր հայերը դեռ սովետական ժամանակներից են սովորել, որ ամրագոտին ոչ պետքական ատրիբուտ է ու լավ կլինի հանել ու դեն նետել: Ամրագոտին գցելը համարվում էր ամոթ բան, գրեթե ազգային ավանդույթների դավաճանություն: Հայը սովոր էր իմ մեքենայում ստեղծել իրեն հաճույք պատճառող մթնոլորտ. հայը պիտի կարանար ամեն ինչ աներ իր մեքենայի մեջ, մեքենան հայի համար օջախի պես մի բան էր, իսկ օջախում ինչ ամրագոտի: Թե որ կարողանար, ոտքերի տակ թասով տաք ջուր կդներ ու էդպես կքշեր…
Հիմա էլ ասում են, թե պետք է պարտադրեն, որ հետիոտները ճանապարհն անցնեն դրա համար նախատեսված տեղերից, թե չէ` տուգանք երեք հազար դրամ ու էլի չգիտեմ ինչ: Այսպիսի փորձ կարծես թե մի քանի անգամ արվել է, սակայն բոլորն էլ անհաջող են եղել. ի վերջո առողջ բանականությունը (չակերտների մեջ) հաղթել է, ու տենց: Բայց դե եթե այս անգամ ստացվի, ուրեմն ինչ որ բան հաստատ ու հաստատ փոխվում է այս երկրում: Դե հասկացանք, որ կա արտաքին քաղաքականություն, արտաքին խնդիրներ, սահմանի բացել-չբացել, և այլն: Բայց դե դրանք մեզանից` սովորական մահկանացուներից հեռու բաներ են, իսկ այ այն ինչ կատարվում է հենց մեր աչքերի առջև, այն ինչ անմիջականորեն վերաբերում է մեզ, այ դա արդեն ժամանակն է, որ փոփոխվի ու` դեպի լավը:
Լավ, բայց միթե մեր ազգային մտածելակերպին վտանգ չի սպառնում այդ <<օտարամոլ սովորությունների>> ներմուծումից Հայաստան: Է կբռնեն մի օր էլ ռաբիզը կարգելեն, է քեֆ-ուրախությունը կարգելեն, խորոված անելը կարգելեն, է հեեեեեյ, բա հետո (հարցական նշանով)…
Երբ ես վերցրեցի պոլիէթիլենով (ցելաֆոն) փաթեթավորված հացը ու սկսեցի որոնել այն տեղը, որտեղ որ պետք է գրված լիներ ժամկետը, իմ վրա զգացի ինչ-որ մեկի հայացքը: Չէ, մատնաքաշ ես այդտեղից չեմ գնում, քանի որ հացի բաժնի վաճառողուհին հացը տալուց չի օգտագործում պոլիէթիլեն (ցելաֆոն), այլ տալիս է հենց այն ձեռքերով, որոնցով քիչ առաջ վերցրել էր դրամը: Եվ այսպես քիչ անց նկատեցի, որ վաճառողուհին անհամբեր ինձ է նայում, չէ, բայց ոնց է նայում, ախր ինչ էքսպրեսիա կար այդ հայացքում: Բայց դե շարունակեցի որոնել այն կարևոր տեղը: Վաճառողուհին ասաց` ապեր էսօր եմ ստացել: Ես ասացի, որ կասկած չունեմ, բայց պետք է ստուգեմ հացի ժամկետը: Այ այդտեղ ամեն ինչ փչացավ: Վաճառողուհին ինձ վրա բառերով ուղղակի աննկարագրելի հայացք նետեց ու բացականչեց - Իյե հացի ժամկետը որն ա…
Ես հացը դրեցի տեղը և դուրս եկա:
շարունակելի…
