Փոքրիկ հարցախույզ անցկացնելով մայրաքաղաքի փողոցներում` պարզեցինք, որ ճիշտ է, մեր համաքաղաքացիները տեղյակ չեն այս էֆեկտի մասին, սակայն այն, որ կոռուպցիան յուրաքանչյուրին էլ խեղդում է, դա ակնհայտ է: Իբրեւ կոռուպցիա` մեր համաքաղաքացիների մեծ մասն ընկալում է միայն աշխատանքի ընդունման ժամանակ արված "մաղարիչը" կամ էլ կլորիկ կաշառքը:
Կլոր սեղանին մասնակից մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին, որ կոռուպցիոն հիմքերը չեզոքացնելու համար, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ է, որ բարձրանա նաեւ հասարակության իրավագիտակցությունը: Մասնակիցներից մեկը պատկերավոր նշեց. "Չլինի այնպես, որ անհատական ծառերի վրա կենտրոնանալով` անտեսենք ետեւում մնացած անտառը":
Իբրեւ կոռուպցիա ծնող պատճառներ` APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը նշեց սոցիալ-տնտեսական մի շարք բնագավառներ, որտեղ ակնհայտ են այն ռիսկերը, որոնք ծնում են կոռուպցիա: Օրինակ` հարկային-մաքսային ծառայությունները, դատարանները, ճանապարհային ոստիկանությունը: Ի դեպ, փորձագետ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերոնշյալին, հումորով ավելացրեց, որ նրանք գրեթե չեն տարբերվում միմյանցից, թեեւ. "Կա այսպիսի մի խոսք` որքան շփվում եմ մաքսային աշխատողի հետ, այնքան զգում եմ, թե որքան շատ եմ սիրում ճանապարահային ոստիկանությանը":
Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մեջ Արման Սաղաթելյանն առանձնացրեց այն, որ մեծամասշտաբ փոփոխությունների համար, որոնք կբերեն նաեւ սոցիալական վարքագծի փոփոխության, անհրաժեշտ է, որ մարդկանց գաղափարը փոխվի, նրանք այլ կերպ դատեն: Բացի այդ` կոռուպցիան նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ բնագավառում լինեն կոմպետենտ կադրեր, ինչպես նաեւ` լինի բարձր աշխատավարձ, որի պակասն էլ շատ հաճախ ծնում է կոռուպցիա: Իբրեւ դրա վառ օրինակ` մատնացույց արվեց դատաիրավական համակարգի աշխատակիցների, մասնավորապես` դատավորների պահվածքը, որոնց վճիռները շատ հաճախ բխում են ոչ այնքան արդարադատությունից, որքան կաշառքի ծավալից:
Ըստ փորձագետ Արա Զահրաբյանի` դատավորներին միգուցե "փրկի" եւ ազատականացնի այն հանգամանքը, երբ իր կայացրած անարդար վճիռների համար, որոնք, ասենք, կբողոքարկվեն Եվրադատարանում եւ ֆինանսական վնաս կհասցնեն ՀՀ պետբյուջեին, ՀՀ Ֆինանսների նախարարությունից դրա համար նրան տուգանեին: Այս դեպքում, ըստ նրա` դատավորները ռեալ կհասկանային, որ կոռուպցիայի համար պատժվելու են: Արա Զոհրաբյանն այստեղ պատմությունից մի դրվագ նշեց, երբ միջնադարում դատավորները ձգտում էին արդար վճիռներ կայացնել, քանի որ վախենում էին զրկվել իրենց աթոռից եւ պատժվել: Իսկ պատիժն այն էր, որ դատավորի աթոռն այդ ժամանակներում պատրաստվում էր նախորդ, "անարդար" դատավորի կաշվից:
ՀՀ դատական ատյանների առումով, ըստ Արա Զոհրաբյանի` ամենից մեծ ռիսկայնությունն իր մեջ պարունակում է Վճռաբեկ դատարանը: Բանն այն է, որ այս դատարանն ամենից հաճախ է առանց քննելու, ետ վերադարձնում ներկայացված բողոքները ու երբեմն էլ՝ առանց պատճառաբանելու: Իսկ ընդհանրապես, ՀՀ դատական մարմինները, գործը քննելիս, առաջնորդվում են հիմնականում մեղավորության սկզբունքով, այսինքն` նույնիսկ անբավարար ապացույցների պարագայում նրանք կարող են անձին դատապարտել: Եթե գործնականում դատարանները շատ հաճախ ոտնահարում են մարդու իրավունքները, ապա ինչ վերաբերում է մեր օրենսդրությանը, այն, ըստ Արա Զոհրաբյանի` բավականին լավն է, թեեւ, ափսոս, այն շատ հաճախակի չի կիրառվում:
www.taregir.am, 13 փետրվարի 2010