Home

  

 թարմացվել է `08.05.2010

Միտք

Չկոռումպացված անհատը կոռումպացված համակարգում վաղ թե ուշ ինքն էլ կկոռումպացվի, եթե միայն մշտապես չպայքարի կոռուպցիայի դեմ:

Ջհուրի Մուհամադ Անաս

Այսօր: 08 2010

Պատրիարխալ հասարակություն և կոռուպցիա. Հայաստանյան բարդույթներ


28.09.2009

Աղասի Թադևոսյան  


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կոռուպցիայի հասարակական ընկալումներին ու գնահատականին վերաբերող վերջերս իրականացված հարցումների տվյալներին ծանոթանալիս՝ կանգ առա մի ուշագրավ փաստի վրա: Հարցվածների 63 %-ը կոռուպցիան համարում է Հայաստանի զարգացումն արգելակող վտանգավոր հիմնախնդիր,

սակայն կոռուպցիայի դեմ որևէ քայլ անելու պատրաստակամություն ունեցողների թիվը կազմում է ընդամենը շուրջ 2 %, իսկ իրենց կոռուպցիոն գործողության դրդած պետական պաշտոնյանի դեմ համապատասխան մարմիններին բողոքողների թիվը միայն 1 %:

 

Ներկայացվածի պատճառները տարբեր են, բայց ըստ հասարակական կարծիքի՝ առանցքային դեր ունի այն, որ մեր հասարակությունը չի ողջունում կոռուպցիայի մասին հայտնողներին:

 Արևմուտքում մի որոշ ժամանակ ապրած և վերջերս Հայաստան վերադարձած ծանոթներիցս մեկն այնտեղ իր ապրելն անհնարին համարելու առանցքային փաստարկների շարքում առաջինը նշեց՝ «դրանք բոլորը գործ տվողներն են: Պատուհանից տեսնում են մեքենայով խախտում ես անում, զանգում են ոստիկանություն, հայտնում: Անտանելի վառող մարդիկ են»: Այսպես մտածում է Հայաստանում բնակվողների մեծ մասը: Համենայն դեպս հարցման մասնակիցների 64 %-ը ընդունելի վարքագիծ չի համարում կոռուպցիայի մասին հայտնելը:

 Ինչպես ցույց են տալիս որակական հետազոտությունները, խնդիրը շատ ավելի խորն է և թաքնված է Հայաստանում արմատավորված և հաճախ ազգայինի մշակութային սուոսով մատուցվող ազգակցական ու թաղային հարաբերությունները կարգավորող ու հասարակությունում որպես ազգային արմատավորված վարքային ստերեոտիպերի մեջ:

 Այն, որ այսօր թե գյուղական և թե քաղաքային միջավայրերում հարաբերությունների կարգավորման հիմնական ձևերը կապված են «տղամարդկային պատվի» ընկալումների հետ, գաղտնիք չէ: Փաստ է նաև այն, որ Հայաստանի մի զգալի հատվածում դրանք դեռևս խիստ պատրիարխալ բնույթի են: Ավելին, այսօր ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական միջավայրերում այդ ստերեոտիպերն այն աստիճան են քրեականացվել, որ տղամարդու համար  օրենքին դիմելը համարվում է պախարակելի թերություն ու արատ, քանի որ, դիմելով օրենքին, անձը դեմ էր գնում ավանդույթով (կամ խմբային միջավայրի համար այսպես ասած միակ ճշմարիտը համարվող «ճշտով») խնդիրը լուծելուն: Չափազանցրած չենք լինի, եթե նկատենք որ այսօր Հայաստանում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքում ընկած ազգային համարվող ավանդույթներից ու ստերոտիպերից շատերը նաև քրեականցված են, և հաճախ «ազգայինին» տուրք տալը հանգեցնում է քրեական վարքագծի: Այս խնդիրն ավելի է ակտուալանում այն հիմքով, որ Հայաստանյան հասարակության պատրիարխալիզմի պատճառով այստեղ եղանակ են ստեղծում տղամարդկային փոխհարաբերություններին բնորոշ առանձնահատկությունները:

 Ըստ վերը նշված հետազոտության՝ հարցվածների շուրջ 47 %-ը գտնում է, որ հասարակությունում ոչ միայն չի ողջունվում հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկելը, այլ նաև վտանգավոր է նման բան անելը, քանի որ «կոռուպցիայի մասին հայտնողին կպատժեն»:  Այսինքն, կոռուպցիայի մասին հայտնող մարդիկ կարող են ոչ միայն ենթարկվել բարոյահոգեբանական բնույթի ճնշումների, այլև` ֆիզիկական հաշվեհարդարի կամ վրեժխնդրության:

 

Սա նշանակում է, որ ըստ հասարակական կարծիքի, կոռումպացված շրջանակներն ունեն մարդկանց վրա ազդելու և նրանց վարքը կողմնորոշելու ինչպես էթնոմշակութային բնույթի լծակներ (խոսքը վերաբերում է օրինապահ մարդկանց հասարակայնորեն պախարակիչ որակավորման /կլիշեավորման/ ենթարկելու ձևերին և որպես պիտակավորվածներ, նրանց հետ հարաբերությունների սառեցմանը կամ ընդհանրապես դադարեցմանը), այնպես էլ` ֆիզիկական  բռնության գործադրման հնարավորություն: Նկատենք, որ էթնոմշակութային գործոնը, փաստացիորեն համարվում է հասարակության կոռուպցիոն վարքը կարգավորող երևույթ, քանի որ շատերը հենց հասարակության մեջ գործող ստերեոտիպային վերաբերմունքի պատճառով է որ զսպում են իրենց հակակոռուպցիոն դիրքորոշումը: 

 
Ընդունված տեսական մոտեցումների համաձայն՝ ընդհանրապես կոռուպցիան համատարած բնույթ կարող է ունենալ  այնպիսի հասարակություներում, որտեղ սոցիալական կապիտալը գերազանցապես բնութագրվում է փակության հատկանիշներով: Այդ պարագայում կոռուպցիոն վարքագիծը պայմանավորող նորմերն ու ավանդույթներ, կարող են ոչ միայն հանդուրժելի դարձնել կոռուպցիան, այլ այն հարմարեցնել սոցիալմշակութային միջավայրին՝ կոռուպցիան դարձնելով դրա բաղադրիչներից մեկը և այն վերածել հասարակական կյանքի էթնոմշակութային բաղկացուցիչի: Եթե կոռուպցիան ձեռք բերի ավանդույթի բնույթ, ապա այդ հասարակությունում առանց կոնցեպտուալ լրջագույն տրանսֆորմացիաների կոռուպցիայի դեմ պայքար պարզապես հնարավոր չէ: 

 
Մեկ այլ լրջագույն խնդիր է կոռուպցիայի վերացման մեջ շահագրգռվածություն չունեցող վերնախավի առկայությունը, որը կարող է օգտագործել հասարակությունում եղած կլիշեները՝  հակակոռուպցիոն վարքագծի «ագենտներին» որակելով որպես ազգայինի դեմ ոտնձգություն անող արտաքին աշխարհի գործակալներ: 

 
Վերջերս Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Կվան Յուն, ով իր երկրում հայտնի է որպես կոռուպցիան արմատախիլ անելու և արմատական առաջընթացի իրականացման հեղինակ, նկատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից ու իջնել մինչև կառավարման բոլոր օղակներ: 
Դժվար թե գտնվի մեկը, ով կարող է վիճարկել այս կարծիքը: Սակայն, Սինգապուրի հարգարժան վարչապետը ոչինչ չի ասել ամենագլխավորի մասին` իսկ որտեղից գտնել նման առաջնորդ, հատկապես այնպիսի մի երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասն իր կյանքը կազմակերպում է պատրիարխալին միաձուլված քրեական ավանդույթներով:

 
Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը
Անուն*
Մեկնաբանություն*
Հաստատման կոդ*

 

  

 

 

 

This project is made possible by the support of the Eurasia Partnership Foundation, the United Nations Democracy Fund and the American People through the United States Agency for International Development (USAID).

 The contents of this website are the sole responsibility of EPF and do not necessarily reflect the views of Eurasia Partnership Foundation, United Nations Democracy Fund, USAID or the United States Government.

Հեղինակային իրավունք © 2009 Եվրասիա համագործակցություն հիմնադրամՄշակված Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից