Home

  

 թարմացվել է `08.05.2010

Միտք

Չկոռումպացված անհատը կոռումպացված համակարգում վաղ թե ուշ ինքն էլ կկոռումպացվի, եթե միայն մշտապես չպայքարի կոռուպցիայի դեմ:

Ջհուրի Մուհամադ Անաս

Այսօր: 08 2010
Հետազոտություններ


Գրառումներ
կոռուպցիայի մասին


Գևորգ Տեր-Գաբրիելյան

22.07.2009

1.Կոռուպցիայի բնորոշումը

 Արևմուտքի հակակոռուպցիոն ծրագրերը հաճախ քննադատվում են: Դրանցում սովորաբար հաշվի չեն առնվում տեղական ավանդույթները, տարբերություն չի դրվում համակարգային կոռուպցիայի և կաշառակերության միջև: Մինչդեռ, եթե կաշառակերության դեպքում մեղավորները երկուսն են ` կաշառք տվողը և այն վերցնողը, ընդ որում, տվողը հաճախ ստիպված է լինում գնալ այդ քայլին, ապա համակարգային կոռուպցիայի դեպքում ոչ ոք մեղավոր չէ. մեղավոր է համակարգը: Անհատական էթիկայի և բարոյականության հիմքով դրա դեմ պայքարելը գործնականում անհնար է: Արդյունքում` փլուզվում է հասարակության արժեքային համակարգը:

 Կաշառակերությունը ծաղկում է աղքատության և աշխատանքի անբավարար վարձատրության հողի վրա: Եթե չինովնիկը ստանում է նոմինալ աշխատավարձ, որը չի բավականացնում իրեն,  էլ ուր մնաց` ամբողջ ընտանիքին կերակրելուն, նա սեփական եկամուտներն ավելացնելու այլ  միջոց է փնտրելու: Դա ընդունված կարգ է ամբողջ աշխարհում: Կոռուպցիայի նմանատիպ արտահայտությունների դեմ բարոյագիտական չափանիշներ ձեռնարկել կարելի է, բայց բոլորովին էլ բավարար չէ դրա դեմ պայքարելու, առավել ևս` այն արմատախիլ անելուն համար:

 Հին և միջին դարերում  պաշտոնները բացեիբաց վաճառվում և գնվում էին: Հարկահավաքը կերակրվում էր իր իսկ կողմից հավաքվող հարկերի հաշվին: Խելացի պետությունը սովորաբար ստիպված է լինում  եկամուտների մի մասը թողնել երկրի բարեկեցությունն ապահովողներին: Մուսուլմանական երկրներում ընդունված ավանդույթ է «բախշիշը» ` նվեր չինովնիկին ծառայության դիմաց:  Մեզանում դրանից մնացել է մաղարիչի ավանդույթը:

 Եթե եկամուտը հնարավոր չէ մեծացնել, չինովնիկը կպակասեցնի  ծախսերը, այսինքն` կծախսի ավելի քիչ էներգիա: Ռացիոնալ մարդու մոտ աշխատանքի վրա ներդրված էներգիայի ծախսը սովորաբար ավելի քիչ է, քան այդ աշխատանքի վարձատրումը: Նա իր աշխատանքի դիմաց վարձատրության ցածր մակարդակը փոխհատուցում է ոչ արդյունավետ աշխատանքով և աշխատանքից ազատ ժամերով, նույնիսկ եթե դրանք ուղղված չեն  լրացուցիչ որևէ այլ` եկամտաբեր գործի: Նման աշխատողը ոչ պակաս կոռումպացված է, քան կաշառք վերցնողը, չնայած նա «մեղավոր չէ». մեղավոր է կոռումպացված համակարգը:

 Ստալինի ժամանակ խորհրդային համակարգը շեշտը դնում էր ոչ նյութական խթանիչների` կոմունիզմի կառուցման խանդավառության կամ մահվան վախի վրա: Բայց այդ խթանիչները ժամանակավոր են գործում, քանզի առանց նյութական փոխհատուցման համակարգը չի կարող կայուն լինել, և մարդն աշխատում է մինչև «ոչնչացումը», ինչպես այն ավանակը, որին Մոլա Նասրեդինը սովորեցնում էր քաղցած մնալ, բայց կենդանին սատկեց ավելի վաղ, քան սովորեց: Լճացումը նշանավորեց այն բանի գիտակցումը, որ նշված խթանիչներն  առանց նյութական փոխհատուցման  արդյունավետ չեն:

 

2. Խորհրդային Հայաստանի կոռուպցիան

 Խորհրդային Հայաստանի բնակչությունը կարելի է բաժանել երկու մասի` նրանք, ովքեր կոռումպացված էին, և նրանք, ովքեր, չնայած ոչ բարեկեցիկ կյանքին, հրաժարվում էին կոռումպացված համակարգին մաս դառնալուց: Կոռումպացվածները հաճախ հարգված մարդիկ էին` բժիշկներ, բուհերի դասախոսներ, էլ չասած կուսակցական նոմենկլատուրայի գործիչների մասին:

 Ոչ կոռումպացվածներն իրենց հերթին բաժանվում էին երկու կարգի. նրանք, ովքեր կաշառք վերցնելու հնարավորություն չունեին և նրանք, ովքեր ինչ-ինչ բարոյաէթիկական հիմքերով հրաժարվում էին համակարգի մաս դառնալուց և , հնարավորություն ունենալով էլ, կաշառք չէին վերցնում:

 Ազատ շուկայի արհեստական արգելքի պայմաններում կաշառակերների մի մասն իրեն որպես հերոս էր դիտում: Մասնավոր սեփականության ավանդույթների բացակայությանը հակառակ «ցեխավիկները» և սպեկուլյանտները զարգացրին «գորշ և սև» ապրանքների արտադրությունը և նույն գույների շուկան: Նրանք ստիպված էին հակադրվել «արծաթամերժ» գաղափարախոսությանը, որի կրողները հաճախ այն օգտագործում էին ոչ թե սկզբունքային գաղափարական նկատառումներից ելնելով (դրանք փոքրամասնություն էին), այլ որպեսզի այս կամ այն միջոցով, ասենք, պետություն-"տանիքի" և մասնավոր արտադրության կոռուպցիոն միաձուլման միջոցով օգտվեն «ցեխավիկի» աշխատանքի և մասնավոր ձեռնարկչության արդյունքներից:

 Ցեխավիզմի հոգեբանությունը պայքարելու էր դուրս եկել անշահասիրության հոգեբանության դեմ, և քանզի անշահասիրությունը հաճախ գոյություն ուներ միայն խոսքերով, առաջինը հաղթեց Հայաստանին:  Ազնիվ անշահասերները հայտնվեցին փոքրամասնության կարգավիճակում և ամաչում էին: Հասարակությունում իշխող տեսակետով այս մարդիկ պարզապես արժեքներ կուտակելու տաղանդ չունեին: Նրանք գտնվում էին սոցիալական ճնշման տակ, որը պահանջում էր հրաժարվել անշահասիրությունից: Անձնական նպատակներով պետական գույքի օգտագործումը (օրինակ, անհատական մեքենաները), որևէ ձևով կանոնակարգված չլինելով և միաժամանակ լինելով նաև աշխատանքի մոտիվացման համակարգի կարևոր լրացում, օրինակ էր այն բանի, թե ինչպես էին անշահասերները բարոյապես քայքայվում:

 Դիտարկենք, թե կոռուպցիայի հիմնախնդիրը ինչպե՞ս է իրավաբանական հարթությունից անցնում էթիկականին: Վիրահատության համար, որը պաշտոնապես անվճար էր, անհրաժեշտությունից ելնելով գումար վերցնող բժիշկը,  երբեմն ինքնուրույն էր որոշում, թե ումից վերցնել, իսկ ումից` ոչ: Նա կարող էր գումար չվերցնել աղքատ հիվանդից, և կամ այն հիվանդից, ով կարող էր հետագայում իրեն պետք գալ: Բայց անձնական կարգի նման դատողությունները կամ սահմանափակումները երերուն հիմք են, որովհետև բժիշկներից մեկը կհետևի ինչ-որ ներքին կոդեքսի, իսկ մյուսը` ոչ,   արդյունքում` բժշկի մասնագիտությունը որպես այդպիսին ընդհանուր առմամբ կքայքայվի:

 Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անձնական նպատակներով ծառայողական ենթակառուցվածքների օգտագործման իրավունքը կամ հարցի գնի անձնական որոշման իրավունքը, սովորաբար լուծվում են կանոնակարգման  միջոցով (օֆիցիալ կամ "սեվ"). ահմանվում է կանոն, թե որքան և ինչպես կարելի է օգտվել ծառայողական ենթակառուցվածքից, և սահմանվում է սակագին, թե ինչ արժե տվյալ հարցի լուծումը սև շուկայում (օրինակ, վիրահատությունը):

 Խորհրդային Հայաստանը անկախացավ` լինելով հոգեպես կոռումպացված: Շահասիրությունը դատապարտող խորհրդային բազմամյա քարոզչությունը, դրան գումարած` հայերի բնական հնարամտությունը, ինչպես նաև նրանց կողմից քրիստոնեության բարոյաէթիկական համակարգի ոչ խորքային` մակերեսային ընկալումը, հանգեցրին  համընդհանուր բարոյաէթիկական  անկայունության:

 Անձի անվստահ գիտակցությունը, թե ինչն է լավ, իսկ ինչն է վատ, գումարած` անցումային շրջանի հետ կապված  անվստահությունը, երբ վերաիմաստավորվում էին նախորդ դարաշրջանի պաշտոնական արժեքները, հանգեցրին հակասություններից զերծ արժեքային համակարգի համար անհրաժեշտ հենահարթակի բացակայությանը: Դրան ավելացավ տնտեսական ճգնաժամը, ինչի արդյունքում գոյատևման հրամայականը համընդհանուր դարձավ, իսկ դրա ապահովման միջոցներից մեկն էլ  կոռուպցիան էր:

 Հայաստանում բնակչությունը հասկանում էր, որ մարդուց ազատության սահմանափակում պահանջելը, և որ նա բավարարվի խղճուկ գոյատևումով ու զարգացում չունենա, նշանակում է նրա էությանը հակառակ գնալ: Եթե շրջապատն ազատությունն արտահայտելու հնարավորություն չի տալիս, ապա դա կկատարվի գաղտնի`նույն այդ շրջապատի չհայտարարվող թողտվության պայմաններում: Այսպիսով, հայերի պրագմատիկ բնավորությանը համապատասխան, ավանդական արժեքների, ինչպես նաև տաբուների համակարգը հեշտորեն համակերպվում է իրական զանգվածային օրինախախտումներին: 

 Դա նույնն է, երբ հայի մոտ տանն ամեն ինչ փայլում է, իսկ շեմից դուրս աղբակույտ է: Եթե անգլիացիներն ասացվածք են հորինել կմախքը պահարանից չհանելու մասին, ապա հայերին ավելի հատուկ է կմախքները պահարան չդնելը:

 

3. Անցումային շրջան. Սփյուռք և Արևմուտք

 Անցումային շրջանի համար կոռուպցիայի հաղթահարման լավագույն միջոց է յուրաքանչյուր ծառայության դիմաց գնի, սակագնի  սահմանումը, այսինքն` տնտեսության անցումը բաց շուկայականի` իր բոլոր դրսևորումներով. սև շուկայի, ինչպես ձեռնոցի, շրջում և դրա փոխակերպում սպիտակի: Բայց հետևանքները հաշվի չառնող այդ շոկային թերապիայի և լիբերալացման  արդյունքում տեղի կունենա հասարակության մի մասի կտրուկ աղքատացում, ինչպես նաև շղթան երկարացնող ոչ անհրաժեշտ ծառայությունների ու պաշտոնների վերացում: Բազմաթիվ միջնորդ օղակներ` ինչպես, օրինակ, ԲՇՏ կամ ՊԱՏ-ը, որոնց գոյությունը պետական նախորդ համակարգում ապահովվում էր գործնականում  բացառապես բնակչության հաշվին, վերանում են: Իսկ իրականում վտանգավոր է բնակչության հենց այն մասը (եթե զրկվի եկամտից), որը քիչ էր աշխատում, բայց ստանում էր բավականաչափ: Դա է հենց լյումպեն-կոռուպցիոներների դասակարգը:

 

Ա. Սփյուռք

 Լճացման վերջին տարիների բարոյալքումը հանգեցրեց նրան, որ Հայաստանում  ոչ կոռումպացված համակարգերի գոյության հնարավորության հավատ չկար: Բավականաչափ գիտելիքներ չկային նաև այն մասին, թե ինպես է գործում Արևմուտքը, և  կոռուպցիան սանձահարելու ինչպիսի՞ մեխանիզմներ կան այնտեղ: Դրանում կար սփյուռքի մեղքի բաժինը: Այն մի կողմից Հայաստանի համար հնարավորություն էր ընձեռում իմանալու, թե ինչ է կատարվում Արևմուտքում (ի տարբերություն ԽՍՀՄ-ի այլ ազգերի), իսկ մյուս կողմից ապատեղեկացնում էր Հայաստանին` հայկական հարցի շուրջ իր սևեռումով և նրանով, որ բացատրելու փոխարեն, թե ինչու է Արևմուտքը հատկապես այդպես ապրում, և, ընդհանրապես, ինչպե՞ս է այն  ապրում, առասպել էր տարածում Արևմուտքի մասին:

 Սփյուռքը, իր մեջ մի կողմից ազնիվ արևմտյան քաղաքացիությունը  և մյուս կողմից հայկական ազգային ֆիքս-գաղափարը շիզոֆրենիկ ձևով միավորորելով,  չկարողացավ արևմտյան հասարակությունների մասին գիտելիքների կապիտալը ժամանակին և կենտրոնացած փոխարկել մի բանի, որը կիրառելի լիներ Հայաստանում: Իր արևմտյան քաղաքացիական ինքնությամբ նա հանդես էր գալիս որպես օգտագործող, ինչպես մակաբույծ, իսկ որպես հայ` թանգարանի տեսուչ, քաջագիտակ, բայց ձանձրալի: Սփյուռքի պարզունակ նախագծով անկախ Հայաստանը պետք է հանդես գար ընդամենը որպես  հայկական հարցի` պարզամիտ հասկացված գաղափարի կրող: Ազգային խնդիրների բարձրացումն, օրինակ, Ղարաբաղի խնդիրը, Սփյուռքի կողմից ավելի զգալի օգնության էր հանդիպում, քան Հայաստանի, որպես պետություն,  ներքին կառուցվածքային խնդիրների հարցերը:

 Չնայած տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության և այլ բնագավառների   սփյուռքահայ խոշոր մասնագետների մեծաքանակ բանակի առկայությանը, միայն նրանց փոքրաթիվ մասը և շատ անվճռականորեն փորձեց օգնել Հայաստանին: Ոմանք էլ, օգնելով, առաջնորդվում էին հայկական հարցի վերաբերյալ սահմանափակ առասպելով (լինի դա առասպելի աջակցություն, թե քննադատություն), այլ ոչ թե Հայաստանի բոլոր հիմնախնդիրների հանրագումարով:

 Հայաստանը դուրս էր նետվել «հասուն» կյանք, և նախորդ ժամանակահատվածի բոլոր թերությունները` բնակչության բարոյալքվածությունը և հայրենիքի նկատմամբ սփյուռքի ինֆանտիլ վերաբերմունքը, պետք է որ հետևանքներ ունենային, որոնք արտահայտվեցին տնտեսության կտրուկ անկմամբ, արտագաղթով, կյանքի մակարդակի անկմամբ և բարձր մշակույթի ու ճաշակի անքակտելի հատկանիշների (կինո, արձակ և այլն) վերացմամբ:

Իհարկե, հաջորդիվ խոսելը հեշտ է: Իրոք,  մարդկության մեծամասնությունը տեղեկացված չէր նախկին ԽՍՀՄ տարածքի հիմնախնդիրներից: Այն, որ Հանթինգթոնը և Հիլյերմո Օ`Դոնելը դեռ 60-70-ական թթ. նախազգացել կամ ուսումնասիրել են բռնատիրական իշխանության համակարգից կոլեկտիվ և շուկայական տնտեսությանն անցման հիմնախնդիրները, մասնավորապես, լատինաամերիկյան երկրների օրինակով` ավելի շուտ բացառություն է, քան օրինակ: Եվ եթե  սոցիալիստական բլոկի արևմտյան մասում «բաց հասարակությանը» կամ ժողովրդավարությանն անցման առկա սցենարներն ավելի հեշտ կիրառելի էին` գոնե արտաքնապես, ապա այնպիսի յուրահատուկ ծայրամասային երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, դրանց վերանայումը չէր կարող կատարվել օտարների միջոցով «անվճար», և  այն հիմնախնդիր էր մնում առաջին հերթին հայության, քան որևէ այլ մեկի համար:

 

Բ. Արևմուտք

Այստեղ էլ պարզվեց, որ մի կողմից արևմուտքն առաջարկում է հակակոռուպցիոն նախագծեր, իսկ մյուս կողմից ինքն է կոռումպացված, բայց ոչ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը և նախկին ԽՍՀՄ երկրները, այլ մի փոքր այլ կերպ: Օրինակ, այն կոռումպացված է, այսպես կոչված, «երկակի ստանդարտների» մեխանիզմի շնորհիվ, որը, ասենք, հնչում է այսպես. «Այո, մենք ժողովրդավարություն ենք ուզում N երկրում, բայց եթե պետք է ընտրություն կատարել մեզ թշնամի ժողովրդավարության և բարեկամ` ոչ ժողովրդավարության միջև, ապա մենք, իհարկե,կնախընտրենք վերջինիս:

 Ավելին, մեր ժողովրդավարություն տարածելու մղումները սահմանփակված են ֆինանսապես, ինչպես նաև մի քանի այլ գործոններով: Մեզ, այսպես ասած, ինքնիշխան ժողովրդավարություն որպես այդպիսին այնքան էլ պետք չէ, որքան ժողովրդավարությունը` որպես մեր թշնամիներին դիմակայող համակարգ: Մեզ պետք է ոչ թե Իրական ժողովրդավարություն, այլ  այսպես կոչված պարզեցված ժողովրդավարություն` «կոկա-կոլայի և մակդոնալդսի» սպառման և ընկալման մակարդակով: Եվ վերջապես, թեպետ մենք հայտարարում ենք, որ ժողովրդավարություն է պետք, բայց քանի որ օտար հանրություններում արտաքին մեխանիզմների գործողության մասին մեր գիտելիքները սահմանափակ են, մենք չենք կարող համոզված լինել, որ այն կգործի, ուստի կհարգենք ավանդույթները, եթե նույնիսկ դրանք մեզ թվում են կոռումպացված և հակաժողովրդավարական":  

 Ավանդույթների նկատմամբ  հարգանքը հասցվում էր անհեթեթության` եթե ավանդույթները հարգելու համար անհրաժեշտ է մի փոքր կոռումպացվել, ապա` ինչու՞մն է բանը, կարելի է և կոռումպացվել: Այդպես էլ վարվում էին արևմտյան որոշ դեսպանատների արտասահմանյան աշխատակիցները`«աշխատանքի բերումով» կոռումպացվելով, օրինակ, վիզաների տրման հարցում. եթե միևնույն է` այն պետք է մեկին տրվի, իսկ մյուսին ոչ,  ապա ինչու չտալ նրան, ով ավելին կվճարի:

 «Երկակի ստանդարտներով» կոռումպացված լինելու էությունը հետևյալն է` քանի դեռ պահպանվում են տեղական կոռուպցիոն համակարգերը, յուրաքանչյուր սակավ կոռումպացված համակարգ, դրանց հետ շփվման մեջ մտնելով, հեշտությամբ կարող է վարակվել և դադարել ոչ կոռումպացված լինել: Այլ խոսքերով դա ասել էր դեռ Կանտը. «լուսավորյալ  հանրություններն իրար հետ չեն  պատերազմում»:

 Դրանով այդպիսի կոռուպցիոներներն ամրապնդում էին տեղական բնակչության կարծիքը, որ Արևմուտքում էլ է ամեն ինչ կոռումպացված, և չկա արդար մրցակցություն ու չափանիշներ` դրանով ստեղծելով իդեալների նկատմամբ հավատի բացակայության ցինիկ մի մթնոլորտ:

 Նույնիսկ եթե չխոսվի ուղղակի կոռուպցիայի մասին, Արևմուտքի ներկայացուցիչների հետաքրքրությունն այսպիսի հետմոդեռնիստական-նեոգաղութային երկրների նկատմամբ, ինչպիսին Հայաստանն է, հաճախ մերկաշահ է բացատրվում: Աշխատել տվյալ երկրի խնդիրներով զբաղվող որևէ բաժնում կամ հենց այդ երկրում, գրավիչ  է այն մարդկանց համար, ովքեր սեփական երկրի շրջանակներում այս կան այն իմաստով հայտնվում են սակավ օգտագործելի վիճակում: Որպես ավելի մոբիլ և այսպես ասած, պասսիոնար մարդիկ, նման ծառայությունների աշխատակիցները գալիս են, բնականաբար, սեփական շահերը հետապնդելով: Թվում է` ի՞նչ վատ բան կա դրանում` արևմտյան աշխատավարձով կյանքի առավել բարձր պայմաններ ապահովել, քան նույն աշխատավարձով հնարավոր կլիներ սեփական երկրում: Մարդն իրավանք ունի փողը ծախսել այնտեղ, որտեղ ավելի շատ բան կարող է գնել: Ոչ: Պարզվում է, որ  հետմոդեռնիստական-նեոգաղութային երկրների արևմտյան բնակիչները անընդհատ սթրեսներ և խղճի խայթ են ունենում այն բանից, որ առանձնացած են այդ երկրների համընդհանուր աղքատությունից և օգտվում են շատ ավելի բարձր մակարդակի կյանքի բարիքներից: Ուշ թե շուտ նրանք կհրաժարվեն այդ ապրելակերպից, այնպես, ինչպես ժամանակին դա արել են ավանդական գաղութների գաղութատերերը: Կամ կխառնվեն տեղաբնակներին: Բայց նրանց երեխաները դեռ երկար ժամանակ խղճի խայթ կզգան, ինչպես անգլիացիները` իրենց գաղութատիրական անցյալի համար: Ընդ որում նրանք այլ ելք չեն ունենա, քան  օգտվել այդ անցյալի ընթացքում կուտակած բարիքներից:

 

4. Սկզբունքային լիբերալացման փլուզումը

 Խորհրդային ժողովուրդը, մասնավորապես հայերը, սովոր լինելով լավ թե վատ, բայց պետության խնամքին,  ինչպես նաև օտարված լինելով սեփական կյանքի հեղինակումից, արտոնությունների և սեփական խնդիրների լուծման որոնումներում իրենց ուշադրությունը խորհրդային կառավարությունից սկզբում տեղափոխել էին ռուսական, ամերիկյան կամ որևէ այլ կառավարության վրա, որից, իրենց պատկերացումով, հնարավոր կլիներ «աղերսել ինչ-որ պատառ»:

 Սակայն պահանջվեց ընդամենը մի քանի տարի, որպեսզի ողորմություն խնդրող այդպիսի դիրքորոշումը մնար միայն բնակչության առավել հետամնաց և ոչ հեռանկարային մասի բնութագիրը, որն արդեն ի վիճակի չէր վերակրթվելու և նոր իրադրություններում հաջողության հասնելու: Վերակրթման գործընթացը իրականացվում էր անհատապես կամ էլ հիմնականում կլանից ոչ մեծ միավորների մակարդակով, այլ ոչ թե  գաղափարահամակարգային հարաբերություններով միավորված խմբակցությունների, ինչպիսիք են` կազմակերպությունները, սոցիալական շերտերը, գաղափարական էլիտաները, կրթական խավերը, տեխնոլոգիաներ ստեղծող միավորումները և այլն:

 Լիբերալացում իրականացվում էր, բայց ոչ համակարգված և վախկոտ` առանց համապատասխան PR նախապատրաստության և առավել ևս` առանց դրա հետևանքներից բնակչությանը սոցիալապես պաշտպանող համակարգերի: Այնտեղ, որտեղ հեշտությամբ հնարավոր էր հասնել փոփոխությունների, դրանք կանգնեցվել էին ոչ ժամանակին, ելնելով իբր` որոշ շերտերին սոցիալապես չնեղացնելու ցանկությունից, որոնք միևնույն է նեղացան: Իսկ այն փոփոխությունները, որոնք իրականացվեցին, հանգեցրին բարոյալքման, քանզի ձեռնտու էին նոր հարուստներին, որոնք որպես դասակարգ կազմավորվեցին մնացածի հաշվին: 

 Այդ համատեքստում հասարակական-պետական որոշակի կոռուպցիոն ենթահամակարգերի վերացումը, համակարգային բնույթի փոխարեն, ստացավ ուշացած  և սպորադիկ բնույթ, և ժողովուրդի մեջ չառաջացրեց այն խանդավառությունը, որը պետք է առաջացներ: Օրինակ, վերջերս  ՊԱՏ-ի լուծարումը:

 

Հրատարակված է 2007 մարտ ամսին www.panorama.am կայքում

 

 

Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը
 

Կոռուպցիոն վիճակը Հայաստանում 2002 թ.-ի համեմատ զգալիորեն վատթարացել է` ըստ Համաշխարհային բանկի հարցախույզի եւ վերլուծության


Ա
րա Մարտիրոսյան


26.05.2009

<<Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային երկրներում: Ո՞վ է հասել հաջողությունների... եւ ինչո՞ւ>>: Այս վերտառությամբ Համաշխարհային բանկի իրականացրած, 1999 թ.-ից երրորդ հաշվետվության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ Արեւելյան Եվրոպայի եւ...

Ամբողջությամբ…
"Լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքը". ուսումնասիրություն 
07.05.2009

"Լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքը". ուսումնասիրություն 

...
Ամբողջությամբ…
Պահոց

 

  

 

 

 

This project is made possible by the support of the Eurasia Partnership Foundation, the United Nations Democracy Fund and the American People through the United States Agency for International Development (USAID).

 The contents of this website are the sole responsibility of EPF and do not necessarily reflect the views of Eurasia Partnership Foundation, United Nations Democracy Fund, USAID or the United States Government.

Հեղինակային իրավունք © 2009 Եվրասիա համագործակցություն հիմնադրամՄշակված Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից