Աղասի Թադևոսյան
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կոռուպցիայի հասարակական ընկալումներին ու գնահատականին վերաբերող վերջերս իրականացված հարցումների տվյալներին ծանոթանալիս՝ կանգ առա մի ուշագրավ փաստի վրա: Հարցվածների 63 %-ը կոռուպցիան համարում է Հայաստանի զարգացումն արգելակող վտանգավոր հիմնախնդիր,
սակայն կոռուպցիայի դեմ որևէ քայլ անելու պատրաստակամություն ունեցողների թիվը կազմում է ընդամենը շուրջ 2 %, իսկ իրենց կոռուպցիոն գործողության դրդած պետական պաշտոնյանի դեմ համապատասխան մարմիններին բողոքողների թիվը միայն 1 %:
Ներկայացվածի պատճառները տարբեր են, բայց ըստ հասարակական կարծիքի՝ առանցքային դեր ունի այն, որ մեր հասարակությունը չի ողջունում կոռուպցիայի մասին հայտնողներին:
Արևմուտքում մի որոշ ժամանակ ապրած և վերջերս Հայաստան վերադարձած ծանոթներիցս մեկն այնտեղ իր ապրելն անհնարին համարելու առանցքային փաստարկների շարքում առաջինը նշեց՝ «դրանք բոլորը գործ տվողներն են: Պատուհանից տեսնում են մեքենայով խախտում ես անում, զանգում են ոստիկանություն, հայտնում: Անտանելի վառող մարդիկ են»: Այսպես մտածում է Հայաստանում բնակվողների մեծ մասը: Համենայն դեպս հարցման մասնակիցների 64 %-ը ընդունելի վարքագիծ չի համարում կոռուպցիայի մասին հայտնելը:
Ինչպես ցույց են տալիս որակական հետազոտությունները, խնդիրը շատ ավելի խորն է և թաքնված է Հայաստանում արմատավորված և հաճախ ազգայինի մշակութային սուոսով մատուցվող ազգակցական ու թաղային հարաբերությունները կարգավորող ու հասարակությունում որպես ազգային արմատավորված վարքային ստերեոտիպերի մեջ:
Այն, որ այսօր թե գյուղական և թե քաղաքային միջավայրերում հարաբերությունների կարգավորման հիմնական ձևերը կապված են «տղամարդկային պատվի» ընկալումների հետ, գաղտնիք չէ: Փաստ է նաև այն, որ Հայաստանի մի զգալի հատվածում դրանք դեռևս խիստ պատրիարխալ բնույթի են: Ավելին, այսօր ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական միջավայրերում այդ ստերեոտիպերն այն աստիճան են քրեականացվել, որ տղամարդու համար օրենքին դիմելը համարվում է պախարակելի թերություն ու արատ, քանի որ, դիմելով օրենքին, անձը դեմ էր գնում ավանդույթով (կամ խմբային միջավայրի համար այսպես ասած միակ ճշմարիտը համարվող «ճշտով») խնդիրը լուծելուն: Չափազանցրած չենք լինի, եթե նկատենք որ այսօր Հայաստանում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքում ընկած ազգային համարվող ավանդույթներից ու ստերոտիպերից շատերը նաև քրեականցված են, և հաճախ «ազգայինին» տուրք տալը հանգեցնում է քրեական վարքագծի: Այս խնդիրն ավելի է ակտուալանում այն հիմքով, որ Հայաստանյան հասարակության պատրիարխալիզմի պատճառով այստեղ եղանակ են ստեղծում տղամարդկային փոխհարաբերություններին բնորոշ առանձնահատկությունները:
Ըստ վերը նշված հետազոտության՝ հարցվածների շուրջ 47 %-ը գտնում է, որ հասարակությունում ոչ միայն չի ողջունվում հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկելը, այլ նաև վտանգավոր է նման բան անելը, քանի որ «կոռուպցիայի մասին հայտնողին կպատժեն»: Այսինքն, կոռուպցիայի մասին հայտնող մարդիկ կարող են ոչ միայն ենթարկվել բարոյահոգեբանական բնույթի ճնշումների, այլև` ֆիզիկական հաշվեհարդարի կամ վրեժխնդրության:
Սա նշանակում է, որ ըստ հասարակական կարծիքի, կոռումպացված շրջանակներն ունեն մարդկանց վրա ազդելու և նրանց վարքը կողմնորոշելու ինչպես էթնոմշակութային բնույթի լծակներ (խոսքը վերաբերում է օրինապահ մարդկանց հասարակայնորեն պախարակիչ որակավորման /կլիշեավորման/ ենթարկելու ձևերին և որպես պիտակավորվածներ, նրանց հետ հարաբերությունների սառեցմանը կամ ընդհանրապես դադարեցմանը), այնպես էլ` ֆիզիկական բռնության գործադրման հնարավորություն: Նկատենք, որ էթնոմշակութային գործոնը, փաստացիորեն համարվում է հասարակության կոռուպցիոն վարքը կարգավորող երևույթ, քանի որ շատերը հենց հասարակության մեջ գործող ստերեոտիպային վերաբերմունքի պատճառով է որ զսպում են իրենց հակակոռուպցիոն դիրքորոշումը:
Ընդունված տեսական մոտեցումների համաձայն՝ ընդհանրապես կոռուպցիան համատարած բնույթ կարող է ունենալ այնպիսի հասարակություներում, որտեղ սոցիալական կապիտալը գերազանցապես բնութագրվում է փակության հատկանիշներով: Այդ պարագայում կոռուպցիոն վարքագիծը պայմանավորող նորմերն ու ավանդույթներ, կարող են ոչ միայն հանդուրժելի դարձնել կոռուպցիան, այլ այն հարմարեցնել սոցիալմշակութային միջավայրին՝ կոռուպցիան դարձնելով դրա բաղադրիչներից մեկը և այն վերածել հասարակական կյանքի էթնոմշակութային բաղկացուցիչի: Եթե կոռուպցիան ձեռք բերի ավանդույթի բնույթ, ապա այդ հասարակությունում առանց կոնցեպտուալ լրջագույն տրանսֆորմացիաների կոռուպցիայի դեմ պայքար պարզապես հնարավոր չէ:
Մեկ այլ լրջագույն խնդիր է կոռուպցիայի վերացման մեջ շահագրգռվածություն չունեցող վերնախավի առկայությունը, որը կարող է օգտագործել հասարակությունում եղած կլիշեները՝ հակակոռուպցիոն վարքագծի «ագենտներին» որակելով որպես ազգայինի դեմ ոտնձգություն անող արտաքին աշխարհի գործակալներ:
Վերջերս Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Կվան Յուն, ով իր երկրում հայտնի է որպես կոռուպցիան արմատախիլ անելու և արմատական առաջընթացի իրականացման հեղինակ, նկատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից ու իջնել մինչև կառավարման բոլոր օղակներ: Դժվար թե գտնվի մեկը, ով կարող է վիճարկել այս կարծիքը: Սակայն, Սինգապուրի հարգարժան վարչապետը ոչինչ չի ասել ամենագլխավորի մասին` իսկ որտեղից գտնել նման առաջնորդ, հատկապես այնպիսի մի երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասն իր կյանքը կազմակերպում է պատրիարխալին միաձուլված քրեական ավանդույթներով: Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը |