Հայաստանի հանրապետական <<Զինվորի մայր>> ՀԿ-ն ոչ կառավարական, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական հասարակական կազմակերպություն է, որը քարոզչական, լուսավորչական, խորհրդատվական, հրատարակչական եւ հետազոտական միջոցներով Հայաստանի հանրապետության տարածքում սոցիալական, բարոյահոգեբանական եւ իրավական օգնություն է ցուցաբերում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:
<<Զինվորի մայր>> ՀԿ-ն իր բազմաբնույթ եւ բազմազան գործունեության շուրջ 15 տարիների ընթացքում աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը` անմիջական մասնակցություն ցուցաբերելով բանակի ձեւավորման ու կայունացման գործընթացին` պայքարելով ազգային բանակում տեղ գտած բացասական երեւույթների դեմ:
Կազմակերպությունը կայացավ եւ ամրապնդվեց այն օրվանից, երբ նախաձեռնող խմբի կոչին արձագանքած բազմաթիվ կանայք Երեւանի 16 հիվանդանոցներում որպես դայակներ խնամեցին վիրավոր զինվորներին: Այդ ժամանակից կազմակերպության շարքերն անընդհատ համալրվում են համախոհներով, որոնք իրենց ուժն ու եռանդը ուղղում են կազմակերպության խնդիրների լուծմանը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը իրագործել է ավելի քան 30 խոշոր ծրագրեր, որոնք ուղղված են եղել զինակոչիկների եւ նրանց ծնողների իրրավական կրթությանը, բնակչության իրազեկության բարձրացմանը, օրենքներում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ պետական կառույցների աշխատանքների թափանցիկությանը:
Բացի այդ, կազմակերպությունը տպագրել է մի շարք գրքեր եւ ձեռնարկներ, որոնք օգնել են բնակչության տեղեկատվությանը, բարձրացրել են նրանց իրազեկությունը եւ նպաստել են նրանց մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում: Կազմակերպությունը ունի մասնաճյուղեր Գյումրիում, Ճամբարակում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Արմավիրում, Աբովյանում, Դիլիջանում, Կապանում: Կազմակերպությունը համագործակցում է տեղական հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների եւ անհատ բարերարների հետ:
Կազմակերպությունը հանդիսանում է Ժնեւյան Կոնֆերանսի փախստականների հայրենադարձության եւ ինտեգրացման Աշխատանքային Խմբի անդամ, ՀՀ Կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն կոալիցիայի, ՀՀ ԱԺ նախագահին առընթեր փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների Խորհրդի, ԿՐԻՆՈ Դանիական փախստականների Խորհրդի Ցանցի, ինչպես նաեւ <<Բանակն ու հասարակությունը>> հասարակական կազմակերպությունների Խորհրդի անդամ:
Կազմակերպությունում աշխատում են փորձագետներ, որոնք մասնակցել են մարդու իրավունքների հարցերին նվիրված բազմաթիվ միջազգային սեմինարների եւ թրենինգների, ստացել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության եւ զինվորական օրենսդրության բնագավառի իրավագետ-փորձագետի վկայագրեր`
Գրետա Միրզոյան, մանկ. գիտ. թեկնածու, մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ գրքերի, ձեռնարկների եւ հոդվածների հեղինակ,
Էդուարդ Մամիկոնյան, իրավաբան, զինվորական օրենսդրության վերաբերյալ մի շարք հումանիտար հետազոտությունների հեղինակ,
Անահիտ Հովնանյան, բանասեր, բանակի խնդիրների եւ զինվորական օրենսդրության վերաբերյալ գրքերի, ձեռնարկների եւ հոդվածների հեղինակ:
Աղբյուրը` www.zinvori-mair-ngo.am Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը |